Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

«ՉԵՍ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽՈՍԵԼ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

«ՉԵՍ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽՈՍԵԼ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
17.01.2012 | 00:00

Եթե իշխանական թևի կուսակցություններում ակտիվ աշխատանք է ընթանում նախընտրական շտաբներ ձևավորելու և ցուցակները հստակեցնելու ուղղությամբ, ապա ընդդիմադիր գլխավոր բևեռի՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչներն այս առնչությամբ դեռևս լռում են: Այն հարցին, թե կոնգրեսը ի՞նչ մոտեցմամբ կամ սկզբունքով է կազմելու նախընտրական ցուցակը, ՀԺԿ քարտուղար, ՀԱԿ-ի ներկայացուցիչ ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց. «ՀԱԿ-ում դեռևս այդպիսի խոսակցություններ չկան: Այդ թեման չի շոշափվել»:

-Ինչո՞վ է այսօր զբաղված կոնգրեսը:
-Սովորական աշխատանքներով՝ քաղաքում և մարզերում: Հիմա պատրաստվում ենք նաև Հրազդանի քաղաքապետի ընտրություններին: Այլ խոսքով, առօրյա աշխատանքներով ենք զբաղված:
-Նախընտրական աշխատանքներով չե՞ք զբաղվում:
-ՀԱԿ-ը նախընտրական շրջանի մեջ է շատ վաղուց: Մենք միշտ ասել ենք՝ պատրաստ ենք և՛ արտահերթ, և՛ հերթական ընտրություններին:
-Այսօր ընդդիմադիր դաշտի քննարկման հիմնական թեման 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելն է: Ի՞նչ եք կարծում` նախընտրական այս շրջանում այդ հարցի բարձրաձայնումը որքա՞ն կնպաստի որակապես լավ ընտրությունների կազմակերպմանը:
-Սրա մասին բազմիցս է խոսվել, սա առաջին անգամ չէ: Դա թիվ մեկ խնդիրն է այդ ճանապարհին, որովհետև, իմ ուսումնասիրությամբ, սկսած 2003-ից, ընտրախախտումները հիմնականում տեղի են ունեցել մեծամասնական ընտրակարգով իշխանության առաջադրած թեկնածուների շտաբների «ձեռամբ»:
-Միայն այդ հարցի լուծմամբ հնարավոր կլինի՞ խուսափել ընտրակեղծիքներից:
-Երկրորդեմ` կեղծիքների հիմնական պատճառը այս ընտրակարգն է, բայց ամենակարևորը իշխանության քաղաքական կամքն է: Եթե 900 հազարից 1 մլն փաստացի ընտրող կա, սակայն ներկայացվում է 1 մլն 500 հազար, պարզ է, չէ՞, ինչի մասին է խոսքը, այսինքն, այդ կեղծումների հեղինակը բարձրագույն իշխանությունն է:
-Այսօր իշխանությունները մի գլուխ ընդ-գծում են, որ այս անգամ որակապես այլ ընտրություններ կլինեն: Հավատո՞ւմ եք։
-Առայժմ այս իշխանությունների կողմից քաղաքական այդ կամքը չեմ տեսնում։ Ժամանակը ցույց կտա, թե ինչի են պատրաստ: Առաջիկայում Հրազդանի քաղաքապետի ընտրություններն են, որտեղ կերևա` ինչ համակարգ է կիրառվելու:
-Այս ընտրությունն իշխանության համար փորձաքա՞ր է լինելու:
-Ինչ-որ տեղ՝ այո: Համապետական ընտրություններից առաջ տեղական ինքնակառավարման այս ընտրությունն ինչ-որ բան ցույց կտա:
-Նախորդ գրեթե բոլոր ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ-ը չէր մասնակցում: Ի՞նչ է փոխվել:
-Չէ, էլի ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում, պարզապես սա եզակի դեպքերից է: Սասուն Միքայելյանին համաքաղաքացիներն առաջարկել էին, նա էլ ինքնառաջադրվել է: Ինչ-որ առումով նաև ստուգում ենք իշխանության վարքագիծը: Կարծում եմ՝ սա իշխանության համար քննության պես մի բան կլինի:
-Հնարավո՞ր է` համամասնական ընտրակարգին անցնելու հարցն այն առանցքը դառնա, որի շուրջը համախմբվի ու մեկ ճակատով հանդես գա ողջ ընդդիմադիր դաշտը:
-Ի՞նչ է նշանակում` մեկ ճակատով, այդ հարցի շուրջ բոլորն էլ իրենց տեսակետը հայտնել են ու ողջունել:
-Ընդդիմադիր բոլոր ուժերն էլ քայլեր, նախաձեռնություններ են մշակում ընտրությունները արդար անցկացնելու ուղղությամբ, ու յուրաքանչյուրն սպասում է, թե մյուսները երբ պիտի գան միանան իրեն:
-Այդպես միշտ էլ ասվել ու եղել է, դա նորմալ է: ՀՅԴ-ն էլ, «Ժառանգությունն» էլ, ՀԱԿ-ն էլ են ասում, ասում է նաև ԲՀԿ-ն, մենք էլ առաջարկում ենք՝ խնդրե՜մ, եթե ազնիվ եք, դուրս եկեք կոալիցիայից ու մեզ հետ պայքարեք: Չես կարող լինել իշխանություն ու խոսել արդար ընտրություններից:
-Իշխանությունն իրավունք չունի՞ խոսելու արդար ընտրություններից:
-Ոչ, այդ բարոյական իրավունքը նրանք չեն վաստակել: Իրենք են կեղծել, ո՞ւմ են ասում: Թող մեղա գան, գնան եկեղեցի ու ասեն` էլ չենք կեղծելու:
-Դրանից հետո ընդդիմությունը կհավատա՞ իշխանություններին:
-Որ խաչակնքեն, կհավատանք (ծիծաղում է- Ռ.Խ.):
-Ի վերջո, որքա՞ն մանդատ եք ակնկալում ՀԱԿ-ի համար:
-Եթե հանրահավաք է անում, ու այդքան մարդիկ միայն մայրաքաղաքից ակտիվ մասնակցում են, չենք խոսում նաև տանը նստած, ինտերնետով հետևողների մասին, ուրեմն այդքան էլ լուրջ մասսայականություն ունի ՀԱԿ-ը հանրության շրջանում, բնականաբար, հավանականություններն էլ նույնքան լուրջ են: Սակայն կարևորն այն չէ, թե ինչպես են ընտրել, այլ այն, թե ովքեր են հաշվել: Խնդիրը հաշվողներն են:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ